Տեղեկանքների շարք սեբաստացի կրթական համայնքի համար

Կրթահամալիրի տնօրենի բլոգից։

#1

Ես մտել եմ Բանգլադեշ 1985-ին՝ շարունակելու իմ մանկավարժությունը նորակառույց թիվ 183 դպրոցում, բնակելի նորակառույց արվարձանում իմ ընկերների հետ հանրային դպրոց-համալիր ստեղծելու խնդիրը լուծելու։ Ճանապարհ ենք անցել այսպիսի։

1984-ին բացվել է Երևանի Շահումյանի շրջանի նորակառույց թիվ 183 դպրոցը՝ այժմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մայր դպրոց, հասցեն՝ Ա. Բաբաջանյան 25։ Դպրոցի ուսմասվարներ, իմ համալսարանական ընկերներ Աշոտ Մանուչարյանի, Աշոտ Դաբաղյանի առաջարկով, Հայաստանի գրողների միության նախագահ, երախտահիշատակ Վարդգես Պետրոսյանի գործուն աջակցությամբ ես 1985թ. սեպտեմբերի 1-ը դիմավորել եմ թիվ 183 դպրոցի տնօրեն։ Հիշեցնեմ, որ ես 1979-1984թթ աշխատել եմ Երևանի 26 կոմիսարների (այժմ՝ Խրիմյան Հայրիկի) անվան թիվ 10 դպրոցի փոխտնօրեն, իմ նախաձեռնությամբ հիմնադրված, Հայաստանի գրողների միության հովանու ներքո գործող հայագիտական դասարանների ղեկավար։

1987թ. իմ առաջարկով թիվ 183 դպրոցը դարձել է ՀԽՍՀ լուսավորության մինիստրության Մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտի փորձարարական դպրոց։

1988-ին փորձարարական դպրոցին միացավ Երևանի Շահումյանի շրջանի թ. 119 մանկապարտեզը, այժմ՝ կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզ, թ. 183 դպրոցը դարձավ ՀԽՍՀ լուսավորության մինիստրության ՄԳԳ ինստիտուտի «Դպրոց-մանկապարտեզ»՝ քաղաքային փորձարարական դպրոց-մանկապարտեզ։

1989-ին Երևանի Շահումյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեն որոշումով թ. 183 դպրոցին հանձնեց Գունավոր տպագրության տպարանի տարածքում կառուցված մանկապարտեզի դատարկ շենքը, որտեղ իր գործունեությունը Աշոտ Դաբաղյանի ղեկավարությամբ սկսեց կրթահամալիրի ինքնուրույն ավագ դպրոցը՝ հանրապետության անդրանիկ վարժարանը։

1989թ. ՀԽՍՀ ժողկրթության մինիստրության կոլեգիան որոշեց, մեջ եմ բերում. «1989թ. սեպտեմբերի 1-ից ՄԳԳ ինստիտուտի «Դպրոց-մանկապարտեզ» քաղաքային փորձարարական դպրոց-մանկապարտեզ ուսումնադաստիարակչական փորձառական հիմնարկը վերածել ՀԽՍՀ ժողկրթության մինիստրության հանրակրթական գիտաարտադրական փորձառական համալիրի»։  ՀԽՍՀ մինիստրների խորհրդի որոշումով կրթահամալիրին միացավ Եղեգնաձորի շրջանի Ղավուշուղի խորհտնտեսության լքված Ղզլգյուլը (այսօր՝ դպրոց բնության գրկում՝ Արատեսի դպրական կենտրոնը)։

1990թ. մայիսին ՀԽՍՀ մինիստրների խորհուրդը որոշում ընդունեց ՀԽՍՀ ժողկրթության նախարարության «Մխիթար Սեբաստացի» փորձարարական դպրոց համալիրի գործունեության լավացման մասին՝ ազգային դպրոցի հարուստ ավանդույթների վերածնման և առաջավոր կրթական գաղափարների, այդ թվում՝ թիվ 183 դպրոցի մանկավարժական ստեղծագործական կոլեկտիվի մշակած, ներդրման նպատակով սահմանելով «Մխիթար Սեբաստացի» դպրոց-համալիրի հիմնական նպատակներն ու խնդիրները…

1990թ. մայիսին ՀԽՍՀ ժողկրթության մինիստրության կոլեգիայի  որոշումով ստեղծվեց կրթահամալիրի «Կրթական հայեցակարգի սպասարկում» ճյուղային գիտահետազոտական լաբորատորիան, այժմ՝ կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիա։

1991թ. ՀՀ բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեի կոլեգիայի որոշում ընդունեց «Մխիթար Սեբաստացի» կրթօջախի կանոնադրություն, հոգաբարձուների խորհրդի դրույթի հաստատման մասին։

1991-1994 թթ կրթահամալիրին հանձնվեցին դեմոգրաֆիական պատճառներով դատարկված և լուծարված մանկապարտեզների շենքերը՝ Երևանի Շահումյանի շրջանի թիվ 11 (այսօր՝ Արևելյան դպրոց-պարտեզ), թիվ 295 (այսօր՝ Հյուսիսային դպրոց-պարտեզը), թիվ 309 (այսօր՝ Քոլեջը), «Մեխակ» ռեստորանի շենքը (այսօր՝ կրթահամալիրի մեդիակենտրոնը)։

1993թ. բարձրագույն կրթության և գիտության նախարարության Կոլեգիայի որոշումով ստեղծվեց կրթահամալիրի մանկավարժական դասարանը, այսօր՝ կրթահամալիրի բազմաճյուղ քոլեջը, կրթահամալիրի արհեստագործական դպրոցի ներառումով։

1994թ. ՀՀ բարձրագույն կրթության և գիտության նախարարության կոլեգիան (նախարար՝ Վիլեն Հարությունյան) հաստատեց ՀՀ բարձրագույն կրթության և գիտության նախարարության «Մխիթար Սեբաստացի» կրթական համալիր պետական ձեռնարկության կանոնադրությունը։

1994թ. Երևանի ժողովրդական պատգամավորների Շահումյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեն որոշում ընդունեց Երևանի հարավարևմտյան զանգվածի Բ-1 թաղամասում Մանկական կրթական պարտեզ ստեղծելու մասին. «պարտեզի ստեղծման և շահագործման գլխավոր պատասխանատու ճանաչել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին, պարտեզի վարչության խորհրդի նախագահ հաստատել կրթահամալիրի տնօրեն, ՀՀ խորհրդարանի անդամ Աշոտ Բլեյանին»։

1994-2003թթ. կրթահամալիրը գործել է որպես պետական ձեռնարկություն։

2003թ. ՀՀ կառավարությունը կրթահամալիր պետական ձեռնարկությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր պետական ոչ առևտրային կազմակերպության։

2005թ.-ից կրթահամալիրը իր կանոնադրությամբ որոշված առարկային ու խնդիրներին, կառուցվածքին համապատասխան գործունեության, հեղինակային մանկավարժության անընդհատության համար պետական աջակցություն է ստանում նախարարության և կրթահամալիրի միջև կնքվող ամենամյա պայմանագրով։

2017թ. կրթահամալիրը ՀՀ ԿԳ նախարարի նախաձեռնությամբ նախարարությունում ներկայացրեց հեղինակային կրթական ծրագրի տարիների ձեռքբերումները՝ որպես հանրակրթության մեջ տարածելի նորարարություն, սկսեց Բլեյան բաց ցանցի նախագծումը, որը կրթահամալիրի  2019, 2020-2022թթ զարգացման ծրագրի խնդիր է։

2017թ. ՀՀ ԿԳ նախարարը փոփոխություններ կատարեց կրթահամալիրի կանոնադրության մեջ։

Հեղինակային կրթական ծրագրի շարունակականությունը, կրթահամալիր փորձարարական-հետազոտական միավորման զարգացումը ապահովելու, հեղինակային մանկավարժությունը բաց ցանցով Հայաստանում և Հայաստանից դուրս տարածելու, հեղինակային կրթական ծրագիրը միջազգային դարձնելու համար 2020թ. հունիսի 4-ին Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կառավարման խորհուրդը, կրթահամալիրի տնօրենը, կրթահամալիրի աշխատողների ժողովը, սեբաստացի կրթական բաց համայնքը կրթահամալիրի հիմնադիր կառավարությանը առաջարկ ներկայացրեց «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ը «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր» պետական հիմնադրամի վերակազմակերպելու մասին։

Հավաստի է։ Մասնակից եմ։

Հիմնադիր տնօրեն՝ Աշոտ Բլեյան

 

#2

Սպասված նամակ իմ էլ․ փոստում Արևմտյան դպրոց-պարտեզի ղեկավար Գոհար Բալջյանից.

Հարգելի տիար Բլեյան և գործընկերներ, Արևմտյան դպրոց-պարտեզում 2020-2021 ուսումնական տարվա 3-րդ առաջին դասարանի ընդունելությունն ավարտվել է։ Սակայն ծնողների հոսքը շարունակվում է. ունենք հայտագրված սովորողներ, պայմանավորվածություններ: Առաջարկում եմ հաստատել կրթահամալիրում 11-րդ առաջին դասարանի ընդունելությունը, որոշել, թե որ դպրոց-պարտեզում կարող է այն գործել, որպեսզի  կարողանան հայտագրման էլեկտրոնային համակարգում ծնողները գրանցվել…

2019-ին կրթահամալիրի չորս դպրոց-պարտեզներում ընդունել ենք  9 առաջին դասարան, վեց տարեկան 233 սովորող, 2018-ին՝  7 դասարան, 181 սովորող, 2017-ին՝ 5 դասարան, 125 սովորող…

2020-2021-ի համար, հաշվի առնելով համավարակը, նախատեսել-պատրաստվել էինք ընդունելու 8 դասարան, 200 առաջին դասարանցի վեց տարեկան․․․ Հունիսի 1-ի դրությամբ ձևավորած ութ դասարանները հեղինակային մանկավարժությամբ, «Ամառային դպրոց» ծրագրով ուսումնական  պարապմունքները հունիսի 1-ից սկսել են իրենց ընտանեկան դպրոցներում և շարունակում են․․․ Հետո ձևավորվեց և 6 տարեկանների ամառային դպրոցին միացավ 9-րդ դասարանը, հետո 10-րդը. արդեն ունենք շուրջ 270 սովորող։ Իսկ օգոստոսի 20-ին Տիարի հոգսն է դառնում 11-րդ դասարանի տեղավորումը, սահմանված կարգով դասվարի ընտրություն-ներկայացումը կրթական համայնքին օգոստոսի 25-ի բաց հավաքում։

Սա՝ որպես սեբաստացի կրթական համայնքի համար արվող շարքի երկրորդ տեղեկանքը, հատուկ Ձեզ համար։

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր փորձարարական-հետազոտական միավորման սովորողների մասին

Կրթահամալիրում նախադպրոցական, դպրոցական (տարրական, հիմնական, միջնակարգ) հեղինակային կրթական ծրագրերով, նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական փորձնական կրթական ծրագրերով, առկա և հեռավար, հաճախում են 3100-ից ավելի սաներ, սովորողներ, ուսանողներ (սեբաստացի սովորողներ)։ Այսօր ժամը 15.00 կրթահամալիրի վարչական խորհրդում հրապարակում ենք կրթահամալիրի ուսումնական հաստատությունների ներկայացրած տեղեկանքը։

Կրթահամալիրի ուսումնական կենտրոններում՝ երաժշտության, պարի,  Խաղողի և գինու դպրոց, Վիգեն Ավետիսի քանդակի դպրոց, մարզական, Ուսումնական ագարակ, շախմատի, լրացուցիչ այլ կրթական ծառայություններ են ստանում 1400-ի չափ սովորողներ. ընդունելությունը բոլոր կրթական ծրագրերով շարունակվում է։ Կրթահամալիրի բաց համակարգից՝ մեր բաց դռներից, դպրոց-պարտեզների լողափնյա ճամբարներից, Արատեսի բնության գրկում դպրոցից, արշավախմբային ճամբարներից, կրթական փոխանակումների տեսքով, թե բաց նախագծերի մասնակցության, բաց մեդիայից՝ «Տիգրան Հայրապետյան» գրադարանից, մեդիագրադարանից, ուսումնական բաց ռեսուրսներից սովորողների և ուսուցիչների ուսումնական բլոգներում, մանկավարժական ամսագրից օգտվում են անորոշ թվով շահառուներ։

Կրթահամալիրի բոլոր հինգ նախակրթարանները՝ 2-5 տարեկանների խմբերը բացօթյա գործում են։ Գործում են նաև 6-11 տարեկանների ուսումնական ճամբարները չորս դպրոց-պարտեզներում, «Սասնա ծռեր» փառատոնային խմբերը, հեղինակային կրթական ծրագրով վերապատրաստման խմբերը, «Մուտք կրթահամալիր» մեծահասակների և սովորողների ճամբարները, Վայոց ձորում՝ կրթահամալիրի Արատեսում, «Դպրոց բնության գրկում» օջախը։

2020-2021 ուսումնական տարվա արտակարգ սեպտեմբերին բոլոր կրթական ծրագրերով ուսուցման կազմակերպման ուղեցույցները կներկայացնենք սեբաստացի կրթական համայնքի օգոստոսի 25-ի առցանց հավաքին։

 

#3

Սկսենք, մեր գործ նորեն սկսենք

Չելենջը, որի սկիզբը ե՞ս դրեցի իմ  Ինչպես միշտ…. գրով, թե՞ դուք … իմ 65-ամյակով, ավելի ու ավելի առողջաբեր-հետաքրքիր-ուսանելի-հակաբացիլ է դառնում։

Կրկնում եմ․ ես սկսվում եմ այնտեղ, որտեղ ավարտվում են շատերի պատկերացումներն իմ մասին։ Չի հիասթափվի, թևաթափ չի լինի ոչ մի սեբաստացի, ոչ մի բարեկամ։ Ես ձեզ հետ եմ, յուրաքանչյուրիդ տիարն եմ․․․ հատկապես արտակարգ վիճակում՝ մեզ համար կրկնակի դարձած․․․ Մենք ենք հեղինակը-հիմնադիրը մի մանկավարժության, որ հիմա հասարակ անուն ունի՝ բլեյան դպրոց։ Ու հիմնադրամը՝ որպես կազմակերպական-իրավական ձև մեր հաստատության, հիմքը դնողի անունն ունի։ Դուք եք հիմքը, հեղինակը բլեյան դպրոցի՝ կրթահամալիրի, ու յուրաքանչյուրը, որ այս արտակարգ վիճակով սա գիտակցի, հայտարարի, հիմնադիր դառնա։

Ու շնորհակալություն հայտնելով Նարեկ Սահակյան շրջանավարտ գործընկերոջը, իր հայտարարություն-ուղեցույցի համար, մենք ընտանիքով-սովորողով-բարեկամով-գործընկերով-շրջանավարտով հայտարարում ենք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր՝ Բլեյանի դպրոց հիմնադրամը՝ որպես մեր հեղինակած գործի իրավունք՝ մանկավարժության պաշտպանության-չօտարման-զարգացման-տարածման՝ ՀՀ օրենքով նախատեսված կազմակերպական-իրավական ձև։ Այսպիսով մենք սկսում ենք նորից՝ թոշակի ուղարկելով այն, ինչի հետ համաձայն չենք, մերը չէ, մեր գործի հիմքում չէ։ Սկսում ենք նորեն մի պայմանով. մեր գործը շարունակում ենք ավելի լավ․․․ Հիմնադրամ ենք, չէ՞, նոր հնարավորություններով. «քաջութիւն նորութեան, յաղթութիւն նորութեան»։ Սեպտեմբերի 4-ին՝ «Սասնա ծռեր» փառատոնի ամփոփմանն ենք մոտենում, մեր էպոսի հայտնաբերող-առաջին գրառող Գարեգին Սրվանձտյանցն էլ հետը եկավ, մեջբերում ու վերնագիր բերեց։

Հատուկ ձեզ համար, սեբաստացի կրթական համայնք, ներկայացնում եմ երրորդ տեղեկանքը։

Առանձնահատուկը կրթահամալիրում

  • Կրթահամալիրում իրականացվում՝ մշակվում, կազմակերպվում, տարածվում է «Ստեղծողի մոբիլ դպրոց։ Ստեղծագործ անհատի կրթական պատվեր, անհատի օժտվածության զարգացման հանրակրթական բաց համակարգ» հեղինակային կրթական ծրագիրը՝ որպես Հանրակրթության մասին ՀՀ օրենքով որոշված պետական այլնընտրանքային՝ հեղինակային կրթական ծրագիր՝ «ստեղծված, մշակված և ներդրված մանկավարժական որոշակի համակազմի կողմից»՝ կրթահամալիրի մանկավարժական համակազմի կողմից։
  • Հեղինակային կրթական ծրագրի մշակման-կազմակերպման-տարածման բաց ներառական համակարգ, որտեղ կրթական միջավայրը, ուսուցման պայմանները տարիների ընթացքում հեղինակային մշակմամբ առավելագույն հարմար են դարձել բոլոր տարիքների սաներին-սովորողներին։
  • Կրթահամալիրի մասնաճյուղի սովորողը, 5-րդ դասարանից սկսած, ուսումնառության պայմանագրի կողմ է։
  • Կրթահամալիրն իր գործունեությունն իրականացնում է իր մարմինների միջոցով՝
    • հոգաբարձուների խորհուրդ.
    • տնօրեն.
    • մասնաժողով.
    • մանկավարժական աշխատողների ընդհանուր ժողով.
    • վարչական խորհուրդ.
    • մասնաճյուղերի սովորողների օրինական ներկայացուցիչների խորհուրդներ.
    • սեբաստացի կրթական բաց համայնքի ժողով.
    • Ավագ դպրոցի սովորողների ժողով.
    • Քոլեջի ուսանողների ժողով.
    • սովորողների և մանկավարժական աշխատողների ինքնավարության այլ մարմիններ։
  • Ուսումնական հաստատությունները
    • Դպրոց-պարտեզներ՝ 2-4 տարեկանների, 5 տարեկանների խմբեր, 1-3-րդ, 4-5-րդ դասարաններ։
    • Միջին դպրոց՝ 6-8-րդ դասարաններ։
    • Ավագ դպրոց՝ 9-րդ դասարաններ, 10-12-րդ դասարաններ։
    • Քոլեջ՝
      նախնական (արհեստագործական) մասնագիտական, միջին մասնագիտական ծրագրերի խմբեր,
      2-5 տարեկանների խմբեր,
      4-12-րդ դասարանցիների ընտրությամբ արհեստների ուսուցում։

Սովորողների ընտրությամբ և լրացուցիչ կրթության դասընթացները, ակումբները կազմակերպվում են կրթահամալիրի ուսումնական կենտրոններում, լաբորատորիաներում, արվեստանոցներում, արհեստանոցներում, այդ թվում՝ նաև ուսումնաարտադրական։

  • Կրթահամալիրի ուսումնական կենտրոնները
    • Արատեսի դպրական կենտրոն. դպրոց բնության գրկում
    • Խաղողի և գինու դպրոց
    • Վիգեն Ավետիսի քանդակի դպրոց
    • Ուսումնական ագարակ
    • Երաժշտության, պարի ուսումնական կենտրոն
    • Մարզական ուսումնական կենտրոն
    • Շախմատի ուսումնական կենտրոն
    • «Տիգրան Հայրապետյան» գրադարան
  • Լաբորատորիաներ-արվեստանոց-արհեստանոցներ՝ արտ-միջավայրի-դիզայնի, անիմացիայի, գունանկարի, գծանկարի, քանդակի, տեխնոլոգիայի, առողջագիտության-մարդաչափության, բնագիտության, հայրենագիտության, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, աշխարհագրության, ընթերցարան, խեցեգործության, կարուձևի-մոդելավորման, ջերմոց, տնկարան, համերգասրահ։
  • Հանրակրթական ծրագրերը
    • 2-5 տարեկանների
    • 5 տարեկանների ուսուցման
    • 1-3-րդ դասարաններ
    • 4-5-րդ դասարաններ
    • 6-8-րդ դասարաններ
    • 9-րդ դասարան
    • 10-12-րդ դասարաններ

Սահմանված կարգով՝ 5 տարեկանների ուսուցման ծրագրի սովորողը 6 տարեկանում շարունակում է ուսումնառության երկրորդ տարվա ծրագրով կամ սկսում է ուսումնառությունը 6 տարեկանների ծրագրով։

  • Հեղինակային կրթական ծրագրերի ուսումնական պլաններ
    • Ուսումնական տարին կազմված է 4 շրջանից։
      2-րդ և 4-րդ շրջանները նախագծային ուսուցման, ճամբարային կազմակերպման շրջաններ են։
    • Ուսումնական պլանների հիման վրա կազմվում են սովորողների անհատական ուսումնական պլանները։ Սովորողները ընտրում են նախասիրությունների զարգացման դասընթացներ`
      • 1-3-րդ դասարանում՝ «Երաժշտական գործունեություն», «Կերպարվեստ», «Մարմնամարզություն», «Մաթեմատիկա բանավոր,
      • 4-5-րդ դասարանում՝ մաթեմատիկոսի, հայրենագետի, մարզիկի, բուսաբան-կենդանաբանի, պարտիզպանի, այգեգործի, դիզայների, քանդակագործի, թատերական գործունեություն, բնագիտական-տեխնիկական ստեղծագործություն, կինո-ֆոտոգործ, երաժշտություն (սոլֆեջիո, երաժշտական կոմպոզիցիա,
      • 6-9-րդ դասարանում՝ առարկայական նախագծեր` քերականության, մաթեմատիկական, բնագիտական (ֆիզիկոսի, քիմիկոսի, կենսաբանի, աստղագետի), ինժեներական-տեխնիկական, կինո-ֆոտոյի, օտար լեզվի (գերմաներեն, վրացերեն, պարսկերեն, թուրքերեն, ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն, հունարեն, իսպաներեն, իտալերեն)-թարգմանչության, կենդանիների և բույսերի խնամքի, վայրի բույսերի հավաքման-մշակման, կերպարվեստի-դիզայնի-մոդելավորման-քանդակի, ոսկերչի, պատմաբան-հնագետ-ազգագրագետի, երգչախմբային, մարզական, արհեստավորի (այդ թվում՝ նաև բրուտի, պարտիզպանի, այգեգործի, խոհարարության, կարուձևի, գորգագործության-ասեղնագործության) գործունեություն,
      • 10-12-րդ դասարանում՝ անգլերեն, գերմաներեն, թուրքերեն, իսպաներեն, ռուսերեն, վրացերեն, ֆրանսերեն, պարսկերեն, հայոց լեզվի քերականություն, աշխարհագրություն, կենսաբանություն, ընդհանուր պատմություն, հայոց պատմություն, քիմիա, ֆիզիկա, գծանկար, գունանկար, կոմպոզիցիա, գծագրություն-նախագծում, քանդակ, դերասանի վարպետություն-բեմական խոսք, համակարգչային գրաֆիկական ծրագրեր, մուլտիպլիկացիա, մոնտաժ, լուսանկարչություն, օպերատորական գործ, ռեժիսուրա և բեմական գործ, սոլֆեջիո, կերպարվեստ և դիզայն, խեցեգործություն, ոսկերչություն, կար և մոդելավորում, գործվածք-գորգ-կարպետագործություն, հասարակական սնունդ, համակարգիչների շահագործում, վարսավիրություն և դիմահարդարում, հրատարակչական գործ, պարտեզապուրակային գործ, այգեգործություն, ատաղձագործություն, երկրագործություն։
    • 6-12-րդ դասարաններում ֆիզկուլտուրան սովորողների ընտրությամբ մարզական ակումբ է՝ նետաձգության, սուսերամարտի, մարմնամարզության, ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի, ձեռքի գնդակի, սեղանի թենիսի, հեծանվավարության, հրաձգության։
    • 6-9-րդ դասարանում ուսուցանվող մի օտար լեզուն ռուսերենն է։ Երկրորդ օտար լեզուն սովորողն ընտրում է առաջարկվող ցանկից՝ անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, վրացերեն, թուրքերեն, պարսկերեն։
    • 10-12-րդ դասարանում սովորողն ընտրում է օտար լեզուն (լեզուները)՝ անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, ռուսերեն, վրացերեն, թուրքերեն, պարսկերեն։
    • 10-12-րդ դասարանում սովորողն ընտրում է դասընթացը վարող ուսուցչին։
    • 6-12-րդ դասարանում նախասիրությունների զարգացման ակումբի ընտրություն առաջարկվող ցանկից, նոր ակումբ ձևավորելու հնարավորություն։
    • Ուսումնական պլանով որոշված են նաև՝
      • համադպրոցական (ընդհանուր) պարապմունքները,
      • ինքնասպասարկման, շրջապատի, նյութական միջավայրի բարելավման, ուսումնական-հասարակական (քաղաքացիական կրթության) նախագծերը։
    • Ուսուցումը կազմակերպվում է ուսումնական պարապմունքների տարբեր տեսակներով՝ կաբինետային, բացօթյա, առցանց, ակումբային, ուսումնական նախագծի, փառատոնային, ստուգատեսային, ուսումնական-հայրենագիտական ճամփորդություն, մասնագիտական փորձառություն, ճամբար, ստեղծագործական հավաք, պլեներ, համերգ, ցուցահանդես, ներկայացում։
      Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները դասընթացների, ակումբային գործունեության, ընտրությամբ գործունեության, ուսումնական նախագծի բաղկացուցիչն են: Կրթական փոխանակումներ՝ հանրապետության բոլոր մարզերում, Արցախում, արտասահմանում։
    • Ուսուցումը կազմակերպվում է ուսուցողական թվային միջոցներով: Դասավանդողը և սովորողը դպրոց են գալիս սահմանված տեխնիկական պայմաններին բավարարող անհատական նեթբուք-նոթբուքով կամ պլանշետով, տանն ունեն համացանց: Կրթահամալիրի ամբողջ տարածքում՝ մասնաշենքերի ներսում, դրսում, անընդհատ հասանելի համացանց կա։
    • Սովորողը 3-րդ դասարանից ունի ուսումնական բլոգ, որում սահմանված կարգով արտացոլվում է նրա ուսումնական գործունեությունը։ Անձնական ուսումնական բլոգի (կայքի) սահմանված կարգով վարումը սովորողի և դասավանդողի պարտադիր ուսումնական աշխատանք է:
    • Սովորողների կարողություններին և պահանջմունքներին համապատասխան՝ կրթական ծրագիրն իրականացվում է նաև հեռավար, տնային ձևերով։
    • Կիրառվում են գնահատման տարբեր ձևեր
      • 1-3-րդ դասարաններում՝ առանց գնահատանիշի, սահմանված կարգով լրացվող բնութագրով։
      • 4-12-րդ դասարանում՝ սովորողի ուսումնական գործունեության հրապարակված արդյունքներով (ուսումնական բլոգ, ցուցադրություն, համերգ, ֆլեշմոբների, ծեսերի-տոների, ստուգատեսների, ճամբարների, ճամփորդությունների մասնակցություն)։
      • 4-րդ դասարանում՝ ուսումնական գործունեության արդյունքների ուսումնասիրություն-ստուգատես՝ ՀՀ ԿԳՄՍՆ սահմանած ստուգումներ, մարզական՝ լողի, հեծանվավարության, մարմնամարզական, վազքի, բլոգային գործունեության, տեխնոլոգիական, մեդիատեխնոլոգիական, բնագիտական, հայրենագիտական գործունեության ցուցանիշներ։
    • Դասարանից դասարան սովորողները փոխադրվում են հեղինակային կրթական ծրագրով սահմանված կարգով՝ առանց կրկնելու դասարանը։ Ուսումնառության պայմանագրով որոշված պարտականությունները չկատարող սովորողի հետ պայմանագիրը լուծվում է դպրոցի կողմից։
  • Ուսումնական պլանի կազմակերպում
    • Ուսումնական օրացույց։
    • Առանց զանգի ուսուցում։
    • Դասացուցակ՝ անհատական ուսումնական պլանի հիման վրա։
    • Դասարանների, ուսումնական խմբերի փոփոխություն ուսումնական օրվա մեջ։
    • Տարատարիք նախագծեր։
    • Տարբեր դպրոցների սովորողներից կազմված նախագծային խումբ։
    • Ուսումնական օրվա մեջ կրթահամալիրի տարբեր մասնաշենքերում պարապմունքներ։
    • Արտագնա պարապմունքներ։
    • Ուսուցման կազմակերպման ձևի ընտրություն սովորողի կողմից՝ առկա, հեռավար, ընտանեկան, այդ ձևերի համադրում։
  • Հեղինակային կրթական ծրագրի մանկավարժական աշխատող
    • կրթահամալիրում ՀՀ ԿԳՄՍՆ պատվերով իրականացվող հեղինակային կրթական ծրագրի ստեղծողը՝ մշակողը, կազմակերպողը, տարածողը (հետազոտող, թարգմանող, խմբագիր, բլոգավար, մենթոր, վերապատրաստող դասավանդող).
    • հեղինակային կրթական ծրագրի ուսումնական օրացույցով որոշված նախագծերի, ուսումնական ճամբարների, ստեղծագործական հավաքների հեղինակ-կազմակերպիչ.
    • հեղինակային կրթական ծրագրերի ուսումնական պլաններով որոշված՝ սովորողների ընտրությամբ այնպիսի գործունեություն, ակումբ, դասընթաց ծրագրող-վարողներ, որոնց համար մանկավարժական բուհերը մասնագետներ չեն պատրաստում.
    • 6-րդ դասարանից սկսած՝ սովորողների ընտրությամբ մարզական ակումբների ղեկավարներ, այդ թվում՝ նետաձգության, սուսերամարտի, ձիավարության, հրաձգության, հեծանվավարության մարզիչներ՝ մարզական ֆեդերացիաների երաշխավորությամբ.
    • կրթահամալիրում իրականացվող միջին մասնագիտական և նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով դասախոսներ, ուսվարպետներ,
    • նախագծերի ղեկավարներ։

Հեղինակային կրթական ծրագրով մշակված է կրթահամալիրի մանկավարժական աշխատողի ընտրության բաց համակարգ։

Չորրորդ տեղեկանքով կներկայացնեմ հեղինակային կրթական ծրագրով ստեղծված մեր նյութական բաց, ներսով-դրսով թափանցիկ միջավայրը՝ որպես նաև հակաբացիլ։

 

#4

Իմ խոսքին ուշադիրը արձանագրել է, որ ամենաշատ օգտագործվող բառերիցս է միջավայրը՝ ուսուցողական նյութական միջավայր, մեդիա միջավայր, շրջակա միջավայր… Այս անգամ «Մի՛ խճճեք» շարքում, որպես չորրորդ թողարկում, հատուկ սեբաստացի կրթական համայնքի համար, պատմեմ բլեյանի դպրոցի՝ սեբաստացի կրթահամալիրի նյութական միջավայրի ստեղծման-ձևավորման մասին։ Կրթահամալիրի շենք-շինությունները, բոլորը՝ պետական սեփականություն, անժամկետ-անհատույց, նպատակային օգտագործման իրավունքով մեզ պատկանող։ Հողը՝ Երևան քաղաքի համայնքի սեփականություն, Երևանի քաղաքապետի հրամանով մեզ անհատույց նպատակային օգտագործման հանձնված…

Ահա մեր շենք-շինություններն իրենց հողերով-բակերով-միջշենքային անցումներով, ներսով-դրսով…

  • Արևելյան դպրոց-պարտեզ, հասցեն՝ Ա. Բաբաջանյան 47/1, ուսումնական մակերես՝ 4196 քառակուսի մետր, կաթսայատուն՝ 19.6 քառակուսի մետր, հողամասի մակերեսը՝ 0.7934 հա։
  • Արևմտյան դպրոց-պարտեզ, հասցեն՝ Ա. Բաբաջանյան 38/1, ուսումնական մակերես՝ 4499 քառակուսի մետր, կաթսայատուն՝ 23 քառակուսի մետր, հողամասի մակերեսը՝ 0.763 հա։
  • Հյուսիսային դպրոց-պարտեզ-գեղարվեստ, հասցեն՝ Րաֆֆու 69/1, ուսումնական մակերես՝ 4208 քառակուսի մետր, հողամասի մակերեսը՝ 0.697 հա։
  • Հարավային դպրոց-պարտեզ, հասցեն՝ Ծովակալ Իսակովի 52/6, ուսումնական մակերես՝ 3670 քառակուսի մետր, հողամասի մակերեսը՝ 0.693 հա։
  • Մայր դպրոց, հասցեն՝ Ա. Բաբաջանյան 25, ուսումնական մակերես՝ 11479,7 քառակուսի մետր, կաթսայատուն՝ 29,8 քառակուսի մետր, հողամասի մակերեսը՝ 1,738 հա։
  • Քոլեջ, հասցեն՝ Անդրանիկի 92/1, ուսումնական մակերես՝ 4200 քառակուսի մետր, հողամասի մակերեսը՝ 0,688 հա։
  • Մեդիակենտրոն, հասցեն՝ Րաֆֆու 57, մասնաշենքը՝ 1429,1 քառակուսի մետր, հողամասի մակերեսը՝ 0.075 հա։
  • Ուսումնական ագարակ, հասցեն՝ Ա. Բաբաջանյան 38/2, մասնաշենքը՝ 292,5 քառակուսի մետր, հողամասի մակերեսը՝ 4544 քառակուսի մետր։

Սրան ավելացրեք՝

  • ՀՀ կառավարության 2019թ. 1206-Ա որոշումով կրթահամալիրին քոլեջի մասնագիտական ուսուցման, խաղողի այգիների ստեղծման նպատակով տրված պետական սեփականությունը.
  • Վայոց ձորի մարզում Արատեսի դպրական կենտրոնի՝ բնության գրկում դպրոցի՝ ՀՀ կառավարության 1989թ. որոշումով կցված, 2004թ. որոշումով փոփոխված, պետական սեփականություն հանդիսացող հողերը՝ էլի անհատույց, նպատակային օգտագործման…

Մեծ տնտեսություն է, հատկապես որ նորոգման, բարելավման համար որևէ կարգի պետական ֆինանսավորում չի նախատեսված ու չի հատկացվում անհիշելի ժամանակներից, հատկապես որ մեր մանկավարժությունը հարափոփոխ ու հարաճուն իր չափորոշիչներն ունի առանձնահատուկ՝ անընդհատ, շուրջտարյա ուսուցման նյութական միջավայրի պահանջներով՝ բաց-բացօթյա, հիգիենիկ, հետաքրքիր, անվտանգ, փոխազդեցություններով շարունակական, թափանցիկ, հեղինակային, գեղագիտական, կանաչ, ամբողջական ներառական, բազմամուտք-բազմաելք, հարմար… Այստեղից էլ՝ երեսունմեկ տարվա, եթե կրթահամալիրի սկիզբը համարենք կրթահամալիրի ծնունդը՝ ՀԽՍՀ ժողկրթության մինիստրության  կոլեգիայի թիվ 12 որոշումը՝ ՀԽՍՀ հանրակրթական գիտաարտադրական համալիրի կազմակերպման և հ. 183 միջնակարգ դպրոցի կրթական հեղինակային հայեցակարգի մասին, 35 տարվա, եթե թիվ 183 միջնակարգ դպրոցի տնօրենի իմ պաշտոնավարումից հաշվենք, այս աշխատանքը… լուսավորիչ-բարեփոխիչ Միքայել Նալբանդյանից փոխառած «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» ուղեցույցով։ Մնացածը՝ որպես սեբաստացի մեծ ու պստիկի ճիգ ու ջանք, որպես ամենօրյա տեխնոլոգիական, ուսումնական, պարտիզապուրակային գործունեություն, ստեղծական աշխատանք։ Իմ թևավոր դարձած «Կառուցել՝ նշանակում է քանդել» խոսքը խորհրդային անորակ-ծանր շենք-շինությունների ու ասֆալտի տակ կորած հողի պայմաններում գերազանց աշխատեց… Այսպես առաջացավ մեր Կրթական պարտեզը… Այդպիսի կառուցումով ազատվեցինք ողջ ասֆալտից (քանի՞ քառակուսի մետր հող ազատագրեցինք), բորդյուրից, քանի՞ գծամետր անիմաստ եզրապատից, ռեշոտկաներից, քանի՞ խորանարդ մետր բետոն-շինաղբ հանեցինք-ընդարձակեցինք մեր ուսումնական տարածքները… Քանի՞ քառակուսի մետր մակերեսով նկուղ ու տանիք դարձրինք օգտագործելի-ուսումնական։ Ու այս ամենը՝ որպես ուսումնական նախագծեր, մեր գծագրումներով, որպես պատվիրատու և կատարող… ձեր դրամական միջոցներով, սեբաստացի համայնք:

Հավաստի պնդում եմ, որ մեր անշարժ գույքի գոնե 50%-ի սեփականատերը սեբաստացի կրթական համայնքն է։ Սա ես արձանագրում եմ 2019թ. հանրային ու ԿԳՄՍՆ հրամանով իրականացված աուդիտների արդյունքներով… Ծանոթացեք 2019թ. դեկտեմբերի վերջին կազմած այս տեղեկանքին։ Հետաքրքիր կլինի արձանագրել հունվարից հետո արվածը։

2017-ի մայիսին նախարարությունում կրթահամալիրի հեղինակային մանկավարժության ձեռքբերումների շարքում ներկայացրինք նաև հեղինակային կրթական ծրագրով ստեղծված մեր նյութական բաց, ներսով-դրսով թափանցիկ միջավայրը՝ որպես նաև հակաբացիլ։

  • Կրթական պարտեզ բնակելի արվարձանում
  • Բաց դռներով ուսումնական հաստատություն, առանց դռնապանի-պահակի-հսկիչի
  • Անընդհատ փոփոխվող միջավայր՝ ներսում, դրսում
  • Ուսումնական տանիքներ
  • Ազատագրված նկուղներ՝ ուսումնական միջավայր
  • Ուսուցում անպատ, թափանցիկ միջավայրում
  • Համացանցը՝ ամենուր՝ ներսում-դրսում
  • Սովորողի, ուսուցչի՝ անհատական ուսումնական թվային գործիքով (նոթբուք-նեթբուք-պլանշետ) հաճախում
  • Ուսուցում մասնագիտական միջավայրում՝ արհեստանոցներում, արվեստանոցներում, լաբորատորիաներում, սրահներում
  • Արատեսի դպրական կենտրոն
  • Վիգեն Ավետիսի քանդակի դպրոց
  • Փառատոնային պուրակ
  • Սիենայի պուրակ
  • Սասնալանջ
  • Մհերի դուռ
  • Խաղողի և գինու դպրոց
  • Ուսումնական հնձան
  • Գինեգործության ուսումնաարտադրական արտադրամաս
  • Ուսումնական գյուղացիական տնտեսություն
  • Կենդանիներ, թռչուններ, բույսեր
  • Պարտիզպանի գործիքներ
  • Ուսումնական ջերմոց
  • Ուսումնական տնկարան
  • Պտղատու այգիներ
  • Խաղողի այգիներ
  • Մարզադպրոց՝ մարմնամարզական, խաղային մարզաձևերի, թենիսի, մենամարտության մարզաձևերի սրահներ, հրաձգարան-նետաձգարան, փակ լողավազան, մարզադաշտեր, ձիավարժարան, հեծանվային ակումբներ, հեծանվային ուղիներ, վազքուղիներ
  • Երաժշտության դպրոց, համերգասրահներ
  • 2-5 տարեկանների նոր մոդել խմբասենյակներ
  • Բացօթյա լողափեր
  • Ամառային պարտեզ
  • Ձմեռային պարտեզ
  • Դաշնամուր ամենուր՝ խմբասենյակներում, 1-3-րդ դասարաններում, սրահներում…
  • Ֆոտո-տեսախցիկը, ձայնագրիչը (հեռախոսը)՝ յուրաքանչյուրի ուսումնական ամենօրյա գործիք
  • Խուրջինով-ուսապարկով հաճախում
  • Ուսապարկը, քնապարկը սովորողի, ուսուցչի անհրաժեշտ ուսումնական պիտույքներ
  • Գրադարան ուսումնական կենտրոն՝ իր բաց ընթերցարաններով. բացօթյա  ընթերցարաններ
  • Ուսումնական քարափներ
  • Սովորողների տեղափոխում

 

#5

1990թ. օգոստոսի 23-ին ընդունված ՀՀ Անկախության հռչակագրով որոշված… Ասենք՝ շնորհավոր։

Եթե ուշադիր եղաք, մենք համավարակի հենց սկզբից, այս տեսաուղերձով (Քնարիկ Ներսիսյանի նախաձեռնությունը, որը շարք դարձավ), հիմնադիր եռյակի սուրհանդակով, որ արտակարգ իրավիճակում ուսուցման կազմակերպման ուղեցույցների շարք դարձավ, սկսեցինք գործել որպես հիմնադրամ, և յուրաքանչյուր սեբաստացի ընտանիք դարձավ կրթահամալիրի հիմնադրամի ներկայացուցչություն՝ յուրաքանչյուրն իր հասցեով ինքնորոշված տարածքում… Ու գործեց որպես մասնաճյուղ՝ իր ձեռքբերումներով, փորձով, հաջողության տարածումով, որ դարձավ առցանց ստուգատես մայիսյան հավաքին։

2020թ. հուլիս-օգոստոսին մենք գործում ենք հիմնադրամ՝ վերակազմավորելով, ստեղծելով մեր բացօթյա պարտեզները, լողափնյա ճամբարները, արտմիջավայրի, քանդակագործության փառատոները, նախագծային ընտանեկան խմբերը, մեր աշխարհի պարտիզապուրակային ջոկատները՝ որպես սեբաստացի հիմնադրամի մասնաճյուղեր…

Սրա այլընտրանքը իներցիայի պարտադրանքն էր, ՀՀ պարետով-գործադիրով քաղաքային համայնքով, մնալու անգործուն-թոշակառու ՊՈԱԿ…

Ինչ վերաբերում է ինձ թոշակի ուղարկելուն հենց ՊՈԱԿ-ի մասին ՀՀ օրենքով առիթն ու պահը ներկայացավ, Սուսան Մարկոսյանը Առավոտի այս հրապարակումով լավ հիշեցրեց…  Նստեցնեք-մեկուսացնեք-պատժեք, որ չխանգարե՞մ ձեզ, որ ուրիշ, ինքնավար-ինքնուրույն չլինե՞մ իմ շատացող, ուժ հավաքող, որպես հիմնադրամ գործող ընկերների հետ… Սա եղել է 1998-2001-ին։ Ո՞վ ինչ շահեց՝ չգիտեմ, բայց հիմա որևէ իշխանություն չի կարող այդպես գործել, թեկուզ իներցիայով, որևէ «նպատակահարմարությամբ»։ Մենք հիմնադրամի պատասխանատվությամբ ենք գործում 2017-ից, ՀՀ ԿԳՍ նախարարությունում հեղինակային կրթական ծրագրով մեր ձեռքբերումների ներկայացումից…, 2018-20202019-2021, 2020-2022, 2021-2023 թթ մեր զարգացման ծրագրերով՝ ՀՀ ԿԳՆ,  ՀՀ ԿԳՄՍՆ,  ՀՀ կառավարություն ներկայացրած… հենց մեր զարգացմամբ, մեր որոշած խնդիրները կրթահամալիրով լուծելու համար… Չեք կարող, ուշ է. դուք չեք նկատել ծիլ տված Սեբաստացի կրթական բաց համայնքի ուժը…

Տեսեք՝ համայնքի քանի սովորող, ծնող, ընտանիք, բարեկամ, ուսուցիչ հայտարարում է, որպես ֆիզիկական անձ, Բլեյանի դպրոց-հիմնադրամը հիմնելու մասին, ՀՀ օրենքով հիմնադրամի մասին… Չի՞ ուզում ՀՀ կառավարությունը Հայաստանի ազատ քաղաքացիների հետ համահիմնադիր լինել… կպարտադրենք դատարանով, քանզի մենք ոչ թե նոր ստեղծվում ենք որպես կազմակերպություն, մենք կանք իրավական փաստացի 1989-ի՞ց… 1988-ի՞ց։ Մենք նոր չենք ստեղծվում, մենք մեր ազատ ընտրությամբ վերակազմավորվում ենք:

Մենք գործել ու գործում ենք ՀՀ Անկախության հռչակագրով որոշված՝ կրթության, սեփական համակարգի ստեղծման առաքելությամբ։ Եվ հիմնադրամ ենք, որ մեր անկախ համակարգը հասանելի լինի յուրաքանչյուրին իր բնակավայրում, որպես Բլեյան կրթական բաց ցանց։ Սրանով ստանձնում ենք պատասխանատվություն՝ հեղինակային կրթական ծրագիրը դարձնելու միջազգային։

Ինչ վերաբերում է 2014-ի հունիսի 17-ից փոքր դադարներով առ այսօր իմ օրագրին, այս գիր-պատումը օրվա թվով 1839-րդն է։

Կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյան

Գրել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

Create your website at WordPress.com
Get started
%d bloggers like this: